38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չինական տնտեսական ներդրումների «քարավանը» հանդարտ ու համառորեն շարժվում է դեպի Արևմուտք

Չինական տնտեսական ներդրումների «քարավանը» հանդարտ ու համառորեն շարժվում է դեպի Արևմուտք
17.03.2015 | 00:06

Մինչդեռ աշխարհում՝ ընդհանրապես, և Եվրոպայում՝ մասնավորապես, սաստկանում Է դիմակայությունը, չինական տնտեսական ներդրումների «քարավանը» հանդարտ ու համառորեն շարժվում է դեպի Արևմուտք՝ հարթելով նոր «Մետաքսի ճանապարհը»։ Ավելին, վերջին շրջանում նախկին սովետական տարածության մի շարք երկրներում, որոնցով անցնելու է 21-րդ դարի այդ կարևորագույն մայրուղին, փաստորեն, բոլոր ծրագրերն այս կամ այն չափով իրականացվում են չինական իշխանությունների համար ամենաառաջնային նախագծի շրջանակներում, որը կրում է «Մեծ մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» անվանումը։
Այդ նախագծի իրագործման նպատակով, նախագահ Սիի նախաձեռնությամբ, ստեղծվել է հատուկ «Մետաքսի ճանապարհի հիմնադրամ»՝ 40 մլրդ դոլար դրամագլխով։ Հիմնադրամի նպատակն է նաև մասնակցել այլ խոշոր ներդրումային ծրագրերի, որոնք միտված են, առաջին հերթին, նախագծի իրականացմանը մասնակցող երկրների տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունների ընդլայնմանը։ Ինչպես հաղորդում է «Ժենմին ժիբաո» թերթը, «Մետաքսի ճանապարհի հիմնադրամը» զարգացման և ներդրումների միջնաժամկետ ու երկարաժամկետ հիմնադրամ է, որն օգնություն է տրամադրում տնտեսական գոտու երկայնքով ընկած երկրներին ու տարածքներին»։ Հիմնադրամը բաց է, և նրա հիմնողներն արդեն համագործակցության հարաբերություններ են հաստատել ներդրումների և ֆինանսավորման բնագավառի հիմնադրամների ու բազմակողմանի ֆինանսական կառույցների հետ։ Բայց միաժամանակ նրանք առանձնակի ընդգծում են, որ «հիմնադրամն օժանդակ միջոցների պահոց չէ, և այս կապակցությամբ մենք պետք է հետևենք շուկայական սկզբունքներին, ներդրումներ կատարենք խոստումնալից նախագծում, որպեսզի ռացիոնալ հատույց ստանանք»։ ՈՒ թեև «Մետաքսի ճանապարհի հիմնադրամը» գրանցվել է 2014 թ. դեկտեմբերի 29-ին և այդ օրվանից էլ սկսել է պաշտոնապես գործել, արդեն որոշակի արդյունքներ արձանագրվել են։
Այսպես, մարտի 11-ին Պեկինում չինական խոշորագույն «Power China» պետական էներգետիկ ընկերության և վրացական «Anaklia Industrial Eco Pfrk and Port Led» ընկերության միջև ստորագրվեց, ինչպես կնքել են լրատվամիջոցները, «պատմական» համաձայնագիր։ Ըստ համաձայնագրի, չինական ընկերությունը Զուգդիդի քաղաքից ոչ հեռու՝ Անակլիա բնակավայրում, կկառուցի սևծովյան ափի խոշորագույն նավահանգիստը, որի կարողությունը կլինի տարեկան 100 միլիոն տոննա բեռ։ Համեմատության համար ասենք. ռուսական «Նովոռոսիյսկ» նավահանգստի բեռնաշրջանառությունը կազմում է 76 մլն տոննայից մի փոքր ավելի, Ռումինիայի «Կոնստանցա» նավահանգստինը՝ մոտ 37 մլն տոննա, ՈՒկրաինայի խոշորագույն «Օդեսա» նավահանգստինը՝ 28 մլն, իսկ վրացական երկու՝ «Բաթում» և «Փոթի» նավահանգիստներինը՝ մոտ 15 մլն տոննա։ Նախագծի իրագործման համար չինական կողմը կներդնի 5 մլրդ դոլար։ Հիշեցնենք, մինչ այս Չինաստանը մտադիր էր խորջրյա նավահանգիստ կառուցել Ղրիմում և նույնիսկ այդ նպատակին հատկացրել էր 3 մլրդ դոլար։ Սակայն հայտնի իրադարձություններից հետո նա վերանայեց ծրագիրը հօգուտ Վրաստանի (չինական «Beijing Interoceanic Canal Investment Management Co» ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ, «լինելով պատասխանատվությամբ առաջնորդվող և ճշտակատար միջազգային ձեռնարկություն», հերքում է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը Ղրիմում խորջրյա նավահանգիստ կառուցելու հարցի շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունների վերականգնման մասին, և որ «հաշվի առնելով հանրահայտ պատճառները, ներկայումս դրանց վերսկսում չի ծրագրում»)։
Վերջերս մենք առիթ ունեցանք պատմելու Պեկինի ու Թբիլիսիի հարաբերությունների մասին, սակայն բառացիորեն վերջին օրերին այստեղ հիրավի աննախադեպ ճեղքում տեղի ունեցավ։ Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, «Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտի» նախագծի շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Վրաստանի և Չինաստանի միջև։ Փաստաթուղթն ստորագրվել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլու գլխավորած վրացական պաշտոնական պատվիրակության՝ Պեկին կատարած այցի ընթացքում։ Ինչպես նշում է վրացական կողմը, նախագիծը լրացուցիչ ներդրումներ կներգրավի, կստեղծի նոր աշխատատեղեր և կխթանի նախագծի մասնակից երկրների տնտեսական զարգացումը։ Կվիրիկաշվիլին նշել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի նոր նախագիծը հսկայական օգուտ կտա դրան մասնակցող բոլոր պետություններին։ Մոտ ժամանակներս վրաց-չինական համատեղ աշխատանքային խումբը կուսումնասիրի երկու երկրների միջև ազատ առևտրի ռեժիմի հաստատման հեռանկարները։ Իսկ առայժմ չինական խոշորագույն ընկերությունների ղեկավարները հետաքրքրություն են հանդես բերել Վրաստանի էներգետիկայի, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներ կատարելու նկատմամբ։ ՉԺՀ-ի ներդրողներն ակտիվորեն կհամագործակցեն Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ինովացիաների և տեխնոլոգիաների գործակալության հետ, նպատակ ունենալով ներդրումներ ստանալ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար, ինչպես նաև ծրագրվում է մոտ 1 մլրդ դոլարի ներդրումներ ապահովել գյուղատնտեսական նախագծի համար։ Եվ, իհարկե, գլխավորը նավահանգստի կառուցումն է։
ՈՒ ևս մեկ՝ «Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտի» նախագծին առնչվող ամենավերջին նորությունը։ Չինական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկայնքով ընկած հիմնական երկրներն ընդգրկող առաջին քարտեզը հրապարակվել է հյուսիսարևմտյան Չինաստանի Շենսիի նահանգում։ Շենսիի երկրաբաշխության և քարտեզագրության վարչության հաղորդման համաձայն, քարտեզը տեղեկություններ է ներկայացնում 16 երկրների ու տարածաշրջանների աշխարհագրության, տրանսպորտի, մշակույթի և տնտեսության մասին, ներառյալ Չինաստանը, Ղազախստանը, Իրանը և Թուրքիան։ Այստեղ չէր խանգարի հիշել, որ չինական իշխանությունների սկզբնական պլաններում այդ ճանապարհն անցնում էր նաև Հայաստանով։ Հուսանք, որ մենք մեր դանդաղկոտության, գուցե և ուղղակի լիակատար կախվածության պատճառով հերթական անգամ չենք հայտնվի ճամփեզրին, և Մետաքսի ճանապարհը, որտեղ Հայաստանը պատմականորեն կարևորագույն մաս է կազմել, մեր կողքով չի անցնի-գնա առանց մեզ նկատելու։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 18339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

"false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե